ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հանրապետականներին ներկայացվել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները՝ նիստից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ միջնորդները առաջին հերթին պետք է Ադրբեջանի հետ աշխատեն, որ Իլհամ Ալիևը վերադառնա բանակցությունների սեղան: «Հասկանա, որ մաքսիմալիզմը, թշնամական հռետորաբանությունը, հայատյացությունը որևէ տեղ չեն տանում»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովը հիշեց, որ Ալիևն առաջին պաշտոնյան չէ, որ նման հայտարարություններ է անում, այդպիսիք արել է դեռ Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, որ «խոստումներ էր տալիս մեկ շաբաթից ոտքերը Սևանում լվանալու» մասին, բայց ՀՀԿ խոսնակը նշեց. «Մենք տեսանք, ով իր ոտքերը որտեղ լվաց»:
Օրերս ադրբեջանական ՊՆ հայտարարություններից մեկում նշվել էր , որ Նախիջևանից կարող են Երևանում և Հայաստանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ ոչնչացնել: Այս կապակցությամբ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես ռազմական գործիչ չեմ, որ պատասխանեմ, բայց համոզված եմ, որ նրանց նախարարները նման հայտարարություններ կանեն, իսկ հայկական բանակը գնալով կհզորանա»։ Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նա ավելացրեց, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո առաջին տեսակետն այն էր, որ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն վերարտադրության խնդիր է լուծում: Սրան ի պատասխան Շարմազանովն ասաց. «Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը առաջընթաց է արձանագրել, եթե նախկինում կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, այսօրվա նրանց հայտարարությունը, նախագծի տեքստից մեջբերումներ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, դրանով ՀԱԿ-ն այլևս մտել է բովանդակային քննարկումների մեջ, անկախ նրանից, թե ես համամիտ եմ, թե չէ»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին փոխարինողի հարց նիստում չի քննարկվել:
ՀՀԿ-ն քննարկել է նաև սահմանային լարվածությունը՝ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ սահմանի իրավիճակը բոլորին է անհանգստացնում։ «Տեղյակ եք, որ այս օրերին պաշտպանության նախարարն ակտիվ լինում է զորամասերում։ Մեզ համար ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է, իսկ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հավասարություն դնել մի կողմից Հայաստանի և Արցախի, մյուս կողմից Ադրբեջանի միջև ոչ միայն անթույլատրելի է, այլև դատապարտելի»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ մեծ տերությունների լռությունն այս հարցում ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։ ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ Բաքվում կայացած Եվրոպական խաղերը պետք է որ աշխարհին ապացուցեին, որ լարվածությունը ստեղծողը հենց Ադրբեջանն է։ Եվրոպական խաղերի ընթացքում սահմանին և շփման գծում հանգիստ է եղել։ Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ հայկական կողմը բանակցային լուծման կողմնակից է, ինչը չի կարելի է ասել Ադրբեջանի մասին։